Իշխանությունը թող պատասխանի, թե ով պետք է տուգանք վճարի այն պատգամավորների համար, ովքեր խախտում են Ազգային ժողովի կանոնակարգը եւ քվեարկության ժամանակ ուրիշի փոխարեն կոճակ են սեղմում: Այս մասին հունիսի 18-ին խորհրդարանում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Դուք խոսում եք այն մասին, որ հարկավոր է պատժել խախտում կատարած վարորդներին: Իսկ ո՞վ է պատժելու խախտում կատարող պատգամավորներին»,- հայտարարեց նա:
Նա նաեւ հավելեց, որ իշխանական պատգամավորները կրկին խախտել են ԱԺ կանոնակարգը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խնդրած ընդմիջումից հետո չվերականգնելով քվեարկությունը:
Իր հերթին խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ օրակարգային բոլոր քվեարկություններն այդ ընդմիջումից առաջ ավարտվել էին: «Պաշտոնապես հայտարարում եմ այդ մասին եւ կարող եմ ներկայացնել օրակարգը: Քվեարկություններ այլեւս չկային»,- հայտարարեց Շարմազանովը:





























