«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի հետ նոյեմբերի 5-ին ձերբակալված Անուշավան Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու գործով դատական նիստին այսօր՝ հունիսի 18-ին, Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց ամբաստանյալի ներկայացուցչի միջնորդության քննարկումը, որով մեղադրյալի մայրը դատարանին խնդրում էր թույլ տալ հոգեբուժարանում հարկադիր բուժում անցնող իր որդուն տեղափոխել տուն և բուժումը շարունակել տնային պայմաններում։
Անուշավան Գրիգորյանի մայրը՝ Անահիտ Ղարիբյանը, որը նրա օրինական ներկայացուցիչն է, դատարանին ասաց, որ իր որդին բանակում սթրես է տարել, հիվանդացել և արդեն 13 տարի բուժվում է։
«Տղաս այդ դեպքերի ժամանակ արդեն վեց ամիս հիվանդանոցում բուժվում էր, իրան այդ օրը բժիշկները սրսկել էին և թողել էին 10 ժամով գալ տուն։ Իմ տղան դեպքի վայրում շատ պատահական է հայտնվել։ Այսքան տարի իրա հետ ապրում ենք, բայց ոչ մի անգամ ես կամ իրա կինն ու երեխաները, հարևանները իրանից ոչ մի ագրեսիվ բան չենք տեսել։ Անգամ տղայիս բուժող բժիշկն է պատրաստ գալ դատարան ու ասել այդ մասին»,- դատարանին պատմեց Անահիտ Ղարիբյանը՝ նշելով, որ իր տղան իրեն շատ ավելի լավ կզգա հարազատների շրջապատում։
Մեղադրյալը նույնպես միացավ իր օրինական ներկայացուցչի միջնորդությանը՝ նշելով, որ ինքն է ասել մորը՝ դատարանին խնդրել իրեն տուն տեղափոխել։
«Այս ամենը իմ հոգեկան և ֆիզիկական առողջության վրա լավ ազդեցություն չի ունենում, ես ինձ լավ չեմ զգում և ուղղակի ի վիճակի չեմ դիմանալու հոգեբուժարանի մթնոլորտին»,-դատարանին ասաց Անուշավան Գրիգորյանը, ով ՀՀ-ում ունի փախստականի կարգավիճակ։
Անուշավան Գրիգորյանի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանի կարծիքով՝ այլ հիվանդների հետ մնալը վատ կանդրադառնա իր պաշտպանյալի առողջության վրա։
Դատավոր Գագիկ Պողոսյանն ասաց, որ միջնորդությունը բավարարելու համար անհրաժեշտ է բժշկական հաստատության տեղեկանքը Անուշավան Գրիգորյանի առողջության վերաբերյալ։ Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգելու վերաբերյալ, որպեսզի ձեռք բերեն համապատասխան բժշկական տեղեկանքը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին
Հիշեցնենք, որ Անուշավան Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Շանթ Հարությունյանի, Ալբերտ Մարգարյանի և մի խումբ այլ անձանց հետ 2013թ. նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակից սկսված երթի ընթացքում դուրս են եկել Մաշտոցի պողոտայի երթևեկելի մաս: Այնուհետև չկատարելով իրենց ծառայողական պարտականությունները իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության աշխատակիցների` հասարակական կարգի պահպանությունն ու հասարակական անվտանգությունն ապահովելու, երթևեկելի գոտի դուրս չգալու, ավտոմեքենաների շարժը խոչընդոտող գործողությունները և հասարակական կարգը խախտելը դադարեցնելու վերաբերյալ օրինական պահանջները, պողոտայի երթևեկելի մասում դրսևորել են անհնազանդություն, առողջության համար ոչ վտանգավոր և վտանգավոր բռնություն են գործադրել ոստիկանների նկատամբ` իրենց ձեռքին ունեցած` Շ. Հարությունյանի կողմից նախապես տրամադրված փայտյա մահակներով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողների մարմնի տարբեր մասերին և քարերով լիցքավորված բոցավառվող ինքնաշեն պայթուցիկ փաթեթներ նետել վերջիններիս ոտքերի տակ։





























