«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն հունիսի 16-ին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին (պատճենը՝ ՀՀ ոստիկանության պետին), հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների տան քանդման փաստով:

Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է.

«Աֆրիկյանների տունը ներառված է ՀՀ կառավարության 07.10.2004թ. թիվ 1616-ն որոշման հավելված 2-ի տեղափոխման ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում եւ տեղափոխման պատրվակով տեղի է ունենում պատմամշակութային հուշարձանի քանդում, ինչի մասին է վկայում այն փաստը, որ բացի հուշարձանի ճակատային մասից (իսկ հուշարձանը ամբողջական շենքն է եւ ոչ թե միայն ճակատը), մնացածն արդեն իսկ քանդվել է:

Անկախ բերվող փաստարկներից (Տերյան փողոցի լայնացում, հուշարձանի տեղափոխում եւ այլն)` կատարվածը հակասում է ՀՀ օրենքներին եւ Հայաստանի կողմից վավերացրած միջազգային փաստաթղթերին, մասնավորապես, «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածըուղղակիորեն արգելում է հուշարձանի քանդումը: Իսկ ՀՀ Քրեական Օրենսգրքի 264-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պատմամշակութային հուշարձանի քանդման համար` ընդհուպ մինչեւ 5 տարի ազատազրկմամբ :

Դիմելով իրավապահ մարմիններին՝ ԹԻՀԿ-ն ակնկալում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում հաղորդման ընթացքի ապահովում եւ դրանում բարձրացված փասերի օբյեկտիվ քննություն: