Արգելվում է տնային կենդանիներին վախեցնելը, ուժասպառության հասցնելը կամ սատկացնելը, բացառությամբ կրոնական նպատակներով արվող դեպքերի: Այս մասին գրված է «Անասնաբուժության մասին» նոր օրենքում: Արգելվում է նաեւ առանց անվտանգության միջոցառումներ ձեռնարկելու փողոցներով վայրի կենդանիներ տեղափոխելը:
Մնացյալ պահանջները նվազ արտասովոր են. կենդանի պահողները պետք է խնամեն նրանց եւ անօգնական վիճակում չթողնեն կամ էլ այդ մասին հայտնեն տեղական իշխանություններին կամ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին:
Կենդանիներին պետք է ապահովել տեղաշարժվելու տարածքով, կերակրով եւ մաքուր ջրով, ինչպես նաեւ սահմանափակել նրանց միջեւ կռիվները: Հարկավոր է կենդանիների նորմալ կենսագործունեության անհրաժեշտ միկրոկլիմա ապահովել:
Բացի այդ, անհրաժեշտ է անասնաբույժի հսկողություն ապահովել ու գոնե օրական մեկ անգամ զննել նրանց:
Արգելվում է կենդանիներին գազանաբար սպանելը (ողջ-ողջ քերթելը կամ անդամահատելը եւ այլն), ինչպես նաեւ կենդանիներին մեկը մյուսի վրա հարձակման դրդելը:
Արգելվում է խոշոր եղջերավոր եւ սմբակավոր անասունների պոչահատումները, մնացածների դեպքում կարելի է անել միայն ցավազրկելով:




























