ՌԴ-ում Ուկրաինայի դեսպանատան անվտանգության ծառայության աշխատակիցներին հաջողվել է ոստիկանների ժամանումից առաջ ձերբակալել խուլիգաններին, ովքեր Մոսկվայում ուկրաինական դիվանագիտական ներկայացուցչության տարածք ձվեր եւ զուգարանի թուղթ են նետել: Life News-ի փոխանցմամբ, երբ իրավապահները ժամանել են, դեսպանատան աշխատակիցները նրանց են փոխանցել երկու իրավախախտներին:
«Ներկայում արձանագրություն է կազմվում «Մանր խուլիգանության» հոդվածով վարչական իրավախախտման մասին: Դեսպանատան վրա ձվեր եւ զուգարանի թուղթ նետած երիտասարդներն իրենց արարքը բացատրել են ուկրաինական իշխանությունների քաղաքականության հետ անհամաձայնությամբ»,- ասել է Մոսկվայի ոստիկանության ներկայացուցիչը:
Վերջին շաբաթվա ընթացքում ուկրաինական դեսպանատան շենքը, որը տեղակայված է Մոսկվայի Լեոնտեւյան նրբանցքում, երկու անգամ ենթարկվել է խուլիգանական հարձակումների: Հունիսի 16-ին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել էին չորս հոգու: Ավելի ուշ պարզվել էր, որ նրանք Էդուարդ Լիմոնովի «Ուրիշ Ռուսաստան» չգրանցված կուսակցության անդամներ են:
Այս ակցիաները հետեւել են հունիսի 14-ի երեկոյան Կիեւում ռուսական դեսպանատան շենքի մոտ սկսված անկարգություններին: Ծայրահեղականների ամբոխն արգելափակել էր դեսպանատունը, շենքի վրայից պոկել ռուսական դրոշը, ջարդել դեսպանատան ավտոմեքենաները եւ այլն: Ակցիայի մասնակիցները նաեւ դյուրավառ նյութեր են օգտագործել:




























