Հայաստանի ոստիկանությունն առաջարկում է վերանայել արագության գերազանցման համար սահմանված տուգանքների համակարգը: Ինչպես Ազգային ժողովում հունիսի 18-ին նշեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, Հայաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում նվազագույն տուգանք է սահմանվում՝ 1000 դրամ, եւ 1500 դրամ՝ 11-30 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում:
Դրա հետ մեկտեղ գերազանցված արագության որոշման եւ տուգանքի նշանակման ժամանակ ոստիկանությունը պետք է 10 կմ/ժ-ով կրճատի գերազանցված արագությունը՝ հաշվի առնելով սխալմունքի հնարավորությունը:
Գործող օրենսդրությամբ՝ արագությունը 11-20 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում տուգանքը կազմում է 10 հազար դրամ, 21-30 կմ/ժ-ի դեպքում՝ 30 հազար դրամ:
Իսկ ահա 31-50կմ/ժ-ով գերազանցելու դեպքում Ոստիկանությունն առաջարկում է արդեն տուգանել 100 հազար դրամով, 51-80 կմ/ժ-ի դեպքում՝ 200 հազար դրամով: Համեմատության համար նշենք, որ գործող օրենսդրությամբ 31-40 կմ/ժ-ի դեպքում տուգանում են 20 հազար դրամ, 41 եւ բարձր կմ/ժ արագության դեպքում՝ 30 հազար դրամ: 81-ից բարձր կմ/ժ-ով արագության գերազանցման դեպքում տուգանում են 500 հազար դրամով:
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է խոշոր տուգանքներ գանձել միայն արագության մեծ գերազանցումների դեպքում:





























