Ամերիկյան Contour Global ընկերության հետ պայմանագիրը ստորագրված է, բայց կնքված չէ: Այս մասին լրագրողներին հայտարարեց «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն Արամ Մելքումյանը: «Գործարքն առայժմ ավարտված չէ, բանակցությունները շարունակվում են»,- հայտարարեց Մելքումյանը:

Հարցին, կարո՞ղ է ամերիկյան կողմը հրաժարվել կասկադի մասնավորեցումից, Մելքումյանը պատասխանել է. «Նման բան չեմ լսել: Մեր խնդիրը կասկադը բարեխղճորեն շահագործելն է»: 

«Որոտանի կասկադ ՀԷԿ»-ը կազմված է 3 էլեկտրակայաններից. Սպանդարյանի ՀԷԿ (հզորությունը՝ 78 մեգավատ), Շամբի ՀԷԿ (171 մեգավատ) եւ Տաթեւի ՀԷԿ (157.2 մեգավատ): «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ-ի 100%-անոց բաժնետերը Հայաստանի կառավարությունն էր: Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2013թ. նոյեմբերի 27-ին հաստատեց «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ի վաճառքն ամերիկյան Contour Global ընկերությանը: Գործարքի արժեքը 180 մլն դոլար է: