Հունիսի 5-ին՝ շաբաթ օրը, «Մետրոպոլ» հյուրանոցի համաժողովների սրահում տեղի կունենա «Հայ-ռուսական փոխգործակցություն եւ տարածաշրջանային հիմնախնդիրներ» խորագրով կլոր սեղան, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի համատեղ ջանքերով:

ԲՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կլոր սեղանին կմասնակցեն ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն ներկայացնող քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ Հայաստանի վերլուծական հանրության աչքի ընկնող ներկայացուցիչներ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Երեւան է ժամանելու ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի ներկայանալի պատվիրակությունը՝ ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովի գլխավորությամբ: Կլոր սեղանի զեկուցումները նվիրված կլինեն հայ-ռուսական քաղաքական, տնտեսական կապերին, անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ընթացիկ փուլին եւ հայ-թուրքական երկխոսության կանխատեսելի հեռանկարներին:

Կլոր սեղանի բացմանը ելույթ կունենան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն եւ ՌՀՌԻ տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովը: