Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում այսօր՝ հունիսի 19-ին քննվելու է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ անցած տարի տեղի ունեցած միջադեպի գործով դատական առաջին նիստը:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ նիստը հնարավոր է հետաձգվի, քանի որ իր պաշտպանյալը՝ Արտակ Բուդաղյանը, օրեր առաջ վիրահատվել է:

«Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ Արտակ Բուդաղյանը որովայնից վիրավորվել էր, գնդակը հանել էին, սակայն հիմա ճողվածք է առաջացել, դա են վիրահատել: Դեռ չեմ կարող՝ Արտակ Բուդաղյանը կկարողանա մասնակցել դատական նիստին, թե ոչ»,- ասաց նա:

Նշենք, որ Արտակ Բուդաղյանը մեղադրվում է Խաչատրյանների սպառնալու մեջ: Թե ով պետք է պատասխան տա Արտակ Բուդաղյանի ստացած հրազենային վնասվածքի եւ նրա եղբոր՝ Ավետիք Բուդաղյանի սպանության համար, դեռ պարզ չէ:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, որը ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, որը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել էին «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: