Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխթենբերգի ղեկավարած Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը հունիսի 18-ին այցելել է Հայաստանի ԱԻՆ, որի նպատակը դեսպանությանն անվտանգության եւ ճգնաժամային իրավիճակի կանխարգելման հարցերով խորհրդատվության տրամադրումն էր:

ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց այցի համար, նշելով, որ երկու երկրների համագործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում: Հ. Հակոբյանը պատվիրակությանը ներկայացրեց ԱԻ նախարարության կառուցվածքը, հիմնական գործառույթները, ձեռքբերումներն ու նախագծերը, հակիրճ անդրադարձավ ԱԻՆ-ի միջազգային համագործակցությանը. «Հայաստանի Հանրապետությունում տեղադրված են 149 սեյսմիկ կայաններ, որոնք արձագանքում են նույնիսկ թեթեւ ցնցումներին: Մեզ մոտ գործում են նաեւ ռադոնային կայաններ, իսկ շուտով տեղի կունենա Գառնիի վերանորոգված դիտակայանի բացումը, որտեղ տեղադրված է 370 մ երկարությամբ դեֆորմոգրաֆ»:

Փոխդեսպան Նադիա Լիխթենբերգը հետաքրքրվեց, թե ինչպես է նախարարությունն իրականացնում բնակչության ազդարարումը եւ իրազեկումն արտակարգ իրավիճակներում։ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, պատասխանելով հարցին, նշեց. «Ամբողջ տեղեկատվությունը հավաքվում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում, որտեղից էլ իրականացվում է կառավարման մարմինների եւ բնակչության ազդարարումը։ Այսօր մենք օգտագործում ենք տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաները, համագործակցում բջջային կապի բոլոր օպերատորների հետ` բնակչության ազդարարումը եւ իրազեկումն առավել օպերատիվ եւ արդյունավետ իրականացնելու նպատակով»:

Գերմանիայի պատվիրակությանն առաջարկվեց ստեղծել համատեղ նախագիծ` Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի դեսպանատների օրինակով, ձեւավորել երկկողմանի աշխատանքային խումբ` մշակելով տեղեկատվության փոխանակման ծրագրեր:

Ողջունելով ԱԻ նախարարության նախագծերը` փոխդեսպան Լիխթենբերգը ընդգծեց, որ կարեւոր է համագործակցել հենց նախապատրաստական աշխատանքներում:

Հանդիպման վերջում հյուրերն այցելեցին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն: