Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության եւ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման համատեղ ուժերով Նոր Արեշի 22-րդ փողոցում հայտնաբերվել եւ ապամոնտաժվել է մոտ 1000 քմ մակերեսով ապօրինի կառուցվող խոշորածավալ շինություն: Ի սկզբանե շինարարությունն ընթացել է քաղաքաշինական անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությամբ: Ապօրինաշինության քանդման համար հիմք է հանդիսացել նաեւ այն հանգամանքը, որ այն գտնվել է բարձրավոլտ էլեկտրական օդային մալուխագծերի անվտանգության  գոտիների նորմավորված հատվածներում:

Ընդհանուր առմամբ տարեսկզբից մինչ օրս ինքնակամ կառույցների, ինչպես նաեւ հողազավթումների դեպքերի առնչությամբ կազմվել է վարչական իրավախախտումների 96 արձանագրություն, թվով 58 դեպքերում իրականացվել են ինքնակամների քանդման աշխատանքներ: Ապօրինի շինարարության կանխարգելման, ինքնակամ կառույցների քանդման, ինչպես նաեւ հողազավթումների դեմ տարվող պայքարում ներգրավված համապատասխան օղակների աշխատանքները քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության ներքո են: Հստակ պահանջ է դրված՝ հնարավորին արագ հայտնաբերել հողազավթման կամ ապօրինի շինարարության դեպքերը, անօրինական կառուցապատումը կանխել սկզբնական փուլում եւ ինչպես այդ, այնպես էլ արդեն կառուցված ապօրինաշինության դեպքում իրականացնել առկա շինարարական ծավալների ամբողջական ապամոնտաժում: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանի հավաստմամբ՝ այդ ուղղությամբ տարվող հետեւողական աշխատանքները շարունակական են: Հատուկ ուսումնասիրվում եւ համապատասխան ընթացք են ստանում նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի թեժ գծերով ստացված ահազանգերը:

Հարկ է նաեւ մեկ անգամ եւս հիշեցնել, որ մայրաքաղաքում օրինական շինարարություն ծավալելու բոլոր ընթացակարգերն ապահովված են, հետեւաբար հողազավթման, անօրինական կառուցապատման ցանկացած նախաձեռնություն դատապարտված է ձախողման: