Վոլգոգրադում ադրբեջանցիները նորից մտադրվել են կիսել ազդեցության ոլորտները: Հերթական  կոնֆլիկտի պատրվակը  քաղաքի Ձերժինսկու շրջանում գտնվող Ժիգուլեւսկայա մեծածախ բազան է:

Vesti.Az –ը, վկայակոչելով v1.ru-ն, փոխանցում է, որ հունիսի 18-ի գիշերը հրազենային վնասվածքներով Վոլգոգրադի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 31-ամյա ձեռնարկատեր Զուլֆուգար Ասադովը, որը Ժիգուլեւսկայա մեծածախ  բազայի պահեստներից մեկի սեփականատերն է: 

Պարզվել է, որ սա տուժածի դեմ առաջին մահափորձը չէ: 2013 թ. դեկտեմբերին սեփական տան մոտ նրան արդեն փորձել էին կրակել: 

2010 թ. ապրիլին մահափորձի զոհ էր դարձել Զուլֆուգար Ասադովի հայրը: Անհայտ անձը կրակել էր 55-ամյա Մուտալիմ Ասադովին: Տուժածը տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ մարդասպանը փախել էր:

Մութալիմ Ասադովն, ինչպես եւ իր որդին, Ժիգուլեւսկայա փողոցում գտնվող կայանի մի քանի առեւտրի տաղավարների սեփականատեր է:

Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ:

Ըստ  Վոլգոգրադի ադրբեջանական մտավորականության միության նախագահ Ռիզվան Սեյֆուլայեւի՝ Անգարի լճակի շրջանում կատարված հրաձգության ընթացքում Ժիգուլեւսկայա բազայի երկու թշնամի խմբավորումներ  փորձել են կոմերցիոն հարց լուծել, որի առարկան Իրանից վարունգ մատակարարելն է եղել:

Տուժած Զուլֆուգար Ասադովը հարազատ երկու եղբայրների եւ հոր՝ Մութալիթի հետ, մասնակցել է փոխհրաձգությանը, որը մամուլն անվանում է «վարունգային հաշվեհարդար»:

2010 թ. մայիսի 12-ին Ժիգուլեւսկայայի կայանում զինված հարձակում էր տեղի ունեցել երկու ձեռնարկատերի վրա: Նրանցից մեկը մահացել էր հիվանդանոցում, երկրորդի մարմինը հայտնաբերվել էր Անգարի լճակի մերձակայքում:

Պարզվել են այս հանցագործության կասկածյալները՝  42-ամյա եւ 38-ամյա Չոպսիեւ զարմիկները՝ Ադրբեջանից: Մահմեդ Չոպսիեւը դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման, երկրորդ կասկածյալը մինչ այժմ հետախուզման մեջ է: 

Այնուհետեւ սկսվել են մահափորձերը հայր եւ որդի Ասադովների վրա: Եվ արյունալի հանցագործությունների շարքը չի ավարտվում: