Հայաստանը հանդես է գալիս Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ Աբխազիայի տարածքով ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերականգնման օգտին: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, Թբիլիսիում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այդ թեմայի շուրջ դեռ լուրջ խոսակցություն չկա, բայց մենք ուզում ենք, որ այդ ճանապարհը սկսի գործել: Դա մեզ համար կենսական նշանակություն ունի»,-հայտարարել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Սերժ Սարգսյանը՝ «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ «երկաթուղու բացումը կախված է ոչ միայն Հայաստանից եւ Ռուսաստանից, այլեւ այլ կողմերից, ուստի մենք ակտիվորեն աշխատում ենք դրա ուղղությամբ»:
Ավելի վաղ Վրաստանի հաշտության եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել է, որ աբխազական երկաթուղու բացման հարցը կոնկրետ քննարկման փուլում չէ, թեեւ մոտ ապագայում այն կարող է քննարկման առարկա դառնալ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ պաշտոնական ներկայացուցիչների մակարդակով:




























