Խորհրդարանական «հրաշալի քառյակը» երեկ տոնում էր, ինչպես իրենք են ասում, իրենց պատմական հաղթանակը, իսկ այսօր, ինչպես նրանց թվում էր, եւս մեկ պատմական հաղթանակ էին տոնելու, բայց քառյակի տրամաբանությամբ, պետք է նշել, որ հունիսի 19-ին նրանց ձախողման օրն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԱԺ նիստը ձախողելու քառյակի երեկվա «հաղթանակը» եւ այսօրվա արտահերթ նիստը ծախողելու փորձը:
Այդ համատեքստում ԱԺ փոխնախագահը մի քանի տող մեջբերեց Շեքսպիրի «Համլետի» մենախոսությունից՝ իր մեկնաբանությամբ. «Եթե Համլետի համար երկընտրանք էր՝ «լինել, թե չլինել»-ը, ապա խորհրդարանական ընդդիմության համար երկընտրանք է՝ «գրանցվել, թե՝ չգրանցվել»-ը: Հաշվի առնելով, որ նիստերի դահլիճում լուրջ քննարկումներ են ընթանում քառյակի ներկայացուցիչների միջեւ, ենթադրում եմ, որ նրանք քննարկում են գրանցվելու հարցը»:
Հիշեցնենք, որ նախօրեին խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը տապալել են խորհրդարանում քվեարկությունը, իսկ այսօր չգրանցվելով, փորձել են տապալել արտահերթ նիստը, որն, այնուամենայնիվ, շարունակվել է 1,5 ժամ ընդմիջումից հետո, երբ ՀՀԿ-ն կարողացել է մոբիլիզացնել իր պատգամավորներին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























