Եթե անգամ մեր պետական միջոցները շատ սուղ են, դա չի նշանակում, որ մշակութային հուշակոթողները պետք է վարձով տրամադրել ինչ-որ մասնավոր մարդկանց, որոնք Գառնիի հուշակոթողի մասին երեք նախադասություն չեն կարողանում խոսել եւ ներկայացնել: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով փաստին, որ Գառնիի հեթանոսական տաճարի տրամադրվել է Կենտրոնական բանկի անձնակազմին՝ այնտեղ բանկետներ անցկացնելու նպատակով։
Ֆարմանյանը մասնավորապես, ասել է. «Հունիսի 13-ին երեկոյան ժամը մոտավորապես 18:00-ի սահմաններում արտերկրից ժամանած հյուրերի հետ այցելում ենք Գառնի հեթանոսական տաճար, որպեսզի մեր հյուրերը կարողանան տեսնել համաշխարհային մշակութային եւ քաղաքակրթական մեծ նշանակություն ունեցող այդ հուշակոթողը։ Մասնավոր պահնորդական ծառայության ներկայացուցիչները մոտենում են եւ ասում, որ դուք չեք կարող մուտք գործել Գառնիի հեթանոսական տաճար, քանի որ այն փակ է»: Հետո պարզվել է, որ մասնավոր ինչ-որ ընկերություն վարձակալել է Գառնիի հեթանոսական տաճարը եւ այնտեղ անցկացնում է բանկետ։
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ այդ պահին դրսում սպասում էին մեծ թվով զբոսաշրջիկներ տարբեր երկրներից։ Նա կապվել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, եւ վերջինիս միջամտությամբ, որպես բացառություն, նրանց թույլ են տվել մտնել տաճարի տարածք:
«Ես, համարելով այս հարցը շատ կարեւոր, նկատի ունենալով, որ մամուլում նաեւ այլ հուշակոթողների վերաբերյալ էր նմանատիպ հրապարակումներ եղել, ցանկանում եմ նաեւ ձեզ խնդրել, նաեւ ԱԺ նախագահին՝ դիմել համապատասխան մարմիններին, նրանց բացատրելու հետեւյալը, որ եթե անգամ մեր պետական միջոցներն այնքան սուղ է, որ խնդիր ունենք պետական հոգածության ներքո պատմամշակութային ժառանգություն ունեցող մշակութային պահպանության հարցերը կարգավորել, դա երբեք չի նշանակում, որ այդ հուշակոթողները պետք է վարձով տրամադրել ինչ-որ մասնավոր մարդկանց, վստահաբար կարող եմ ասել՝ այնպիսի մարդկանց, որոնք Գառնիի հուշակոթողի մասին երեք նախադասություն չեն կարողանում խոսել եւ ներկայացնել»,-հայտարարել է Ֆարմանյանը:
Քանի որ Ֆարմանյանի ելույթը կապ չուներ քննարկվող թեմայի հետ, նրա այն ընդհատել են, իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ առաջարկել է այդ հարցով լսումներ կազմակերպել:




























