Գյումրիում հարյուրավոր անօթեւան բազմազավակ ընտանիքներ բնակվում են քաղաքի ծայրամասերում՝ մերձակա գյուղերի միջեւ ընկած տարածքներում տեղադրված վագոն-տնակներում: Նրանցից շատերն ապրում են ծայրահեղ աղքատ եւ ինքնամեկուսացած կյանքով: Համատարած գործազրկության պայմաններում այդ ընտանիքներն ու հատկապես նրանց մանկահասակ երեխաները մշտապես տառապում են թերսնվածությունից: Եվ դա այն դեպքում, երբ նրանց բնակության վայրերը հարմար են գյուղատնտեսական կենդանիների պահման ու խնամքի համար: Այդ իսկ նպատակով «Շիրակ կենտրոնը» որոշել է սննդամթերքի, հիգիեինիկ պարագաների, ինչպես նաեւ ձմռան ամիսներին վառելափայտի տրամադրմանը զուգահեռ, անհրաժեշտ կարողություններ ու պայմաններ ունեցող ընտանիքներին նախ տրամադրել շինանյութ, որպեսզի կառուցեն փոքրիկ գոմեր, ապա նվիրել հավեր, բադեր, սագեր, որոշ դեպքերում՝ նաեւ ոչխարներ, այծեր ու կովեր, որպեսզի նրանք ինքնուրույն կարողանան բարիքներ ստեղծել իրենց սննդի խնդիրը լուծելու համար:

«Շիրակ կենտրոնի» այս նախաձեռնությունը հիմնականում հասցեագրված է վագոն-տնակներում բնակվող մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին: