Արշակունյաց պողոտայում, դեպի կրկես գնացող ուղղության վրա մեկ ժամից ավելի տեւած խցանումից հետո քիչ առաջ՝ 14։30-ի մոտ, երթեւեկությունը վերսկսվեց։ Ավտոերթի մասնակիցները, տեսնելով, որ ոստիկանները ոչ մի կերպ թույլ չեն տալիս շարունակել ճանապարհը դեպի քաղաքի կենտրոն, ի վերջո որոշեցին փոխել ուղղությունը ու շարժվեցին դեպի Շենգավիթի ոստիկանություն, ուր բերման էին ենթարկել երթի 4 մասնակից վարորդներին։
Մոտ հինգ րոպե մեքենաները կանգնեցին ոստիկանության դիմաց՝ ազդանշան տալով ի նշան դժգոհության, ապա շարժվեցին դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ։ Նշենք, որ այսօրևվա ակցիային մասնակցող վարորդներից երեքի մեքենաները տարվել են տուգանային հրապարակ։
Նշենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչեւ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում և դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:




























