Եթե Հայաստանի գործող իշխանությունները տեղյակ լինեին Ադրբեջանի նախագահի նամակի մասին, ապա կամ Աստանայում Նազարբաեւը չէր կարդա այն, կամ էլ Սերժ Սարգսյանը չէր մասնակցի այդ հանդիպմանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանը, թե իրենք այդ նամակի մասին նախապես իմացել են:

«Եթե գործող իշխանությունները տեղյակ լինեին Ադրբեջանի նախագահի նամակի մասին, ապա կամ Աստանայում Նազարբաեւը չէր կարդա նամակը, կամ էլ Սերժ Սարգսյանը չէր մասնակցի՝ որպես բողոքի նշան, այսինքն դրա դեմ կպայքարեին մեր իշխանությունները: Իսկ դա չի եղել, Սերժ Սարգսյանի խիստ զարմացած դեմքն էլ ապացուցում էր, որ իրենք տեղյակ չեն եղել: Մենք պարտված ենք դուրս եկել այս պայքարում: Ամեն դեպքում էականն այն չէ, որ Աստանայում նամակ կարդացին, այլ այն, որ Հայաստանի նախագահը համաձայնվել է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջեւ մաքսակետ լինի: Կլինի այդ մաքսակետը, թե ոչ, կորոշի Ռուսաստանի նախագահը»,- ասաց նա:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե իրենց պատվիրակությունը նամակի մասին տեղյակ է եղել դեռ մեկ օր առաջ:

Հիշեցնենք` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստի ավարտին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր են ստորագրել: Նիստին ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով առաջարկել է Հայաստանի` Եվրասիական միությանը մինչեւ հունիսի 15-ը միանալու հարցը քննարկման դնել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, ամենակարճ ժամկետներում Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունն է ընդգծել: