Թուրքիայում մեծ աղմուկ հանած «Մեծ մուրճ» հեղաշրջման գործով դատարանի կայացրած որոշումը Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ «Մեծ մուրճ»-ի գործով դատավարության ժամանակ տեղի է ունեցել «իրավունքների խախտում» եւ պարտավորեցրել նոր դատավարություն սկսել։
Ստամբուլի Անադոլուի ծանր հանցագործությունների գործերով 4-րդ դատարանը քննել է ՍԴ-ի որոշումը եւ «Մեծ մուրճ» գործով դատապարտված 230 մեղադրյալների նկատմամբ ազատ արձակելու որոշում կայացրել։
Նշենք, որ «Մեծ մուրճ» հեղաշրջման փորձի գործով ամենածանր պատժաչափը՝ 20 տարի ստացել են գործով անցնող գլխավոր ամբաստանյալներ, Թուրքիայի ԶՈՒ 1-ին ցամաքային ուժերի նախկին հրամատար Չեթին Դողանը, Օդուժերի նախկին հրամանատար Իբրահիմ Ֆըրթընան եւ Ծովային ուժերի նախկին հրամանատար Օզդեն Օրնեքը:
Հիշեցնենք, որ թուրքական Taraf-ի կողմից հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ «Մեծ մուրճ» գործողությունների ծրագիրը իր մեջ ներառում էր չորս ծրագրեր, որոնց արդյունքում պետք է ռազմական հեղաշրջում տեղի ունենար։
Նախատեսված է եղել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթեցնել մզկիթներ, Էգեյան ծովի վրա գցել կործանիչներ, դրանցով ցույց տալ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թուլությունը եւ իրականացնել հեղաշրջում։
Թուրք գեներալները արդարանում են՝ պնդելով, թե դրանք զուտ ուսումնական վարժանքների համար են նախատեսված եղել:





























