Ստամբուլի Քումքափը թաղամասին կից ծովափին հունիսի 14-ի գիշերը սպանված հայաստանցի Համբարձում Հարությունյանի դին միայն հունիսի 19-ին են կարողացել Հայաստան բերել. Ստամբուլի հայկական համայնքը մի քանի կայարանում գումար է հավաքել՝ դին տեղափոխելու համար:

«Դին ինքնաթիռով բերել են Վրաստան, որտեղից էլ հարազատները մեքենայով Հայաստան են բերել: Երկու օր դին մնացել էր Վրաստանում, չէին կարողանում մաքսակետն անցկացնել, իսկ ճանապարհածախսն էլ Թուրքիայում հայությունն է հավաքել, տվել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Համբարձումի կնոջ ազգականուհին՝ Էլիզա Բաղիրյանը:

Թուրքիայում սպանված Համբարձում Հարությունյանն անցած տարվա սեպտեմբերին վաճառել էր տունն ու ընտանիքի, մոր եւ քրոջ հետ տեղափոխվել Թուրքիա, որտեղ էլ մանր առեւտրով էին զբաղվում:

«Դեպքի օրը երեխայի հետ գնացել էր ման գալու, ճանապարհին ընկերոջն է հանդիպել, հրավիրել է ծովափ ու էդպես գնացել են: Հասել են տեղ ու հանկարծ մի քանի հոգի հարձակվել, նրանց աչքերին ինչ-որ բան փչել ու սկսել աջ ու ձախ դանակահարել. 6 դանակահարված հայ կա: Խեղճ Գառնիկին էլ երկու ձեռքերը վիրավորել են. մի ձեռքին մենակ 24 կար կա, մյուս ձեռքն էլ արմունկն է ծակած: Ասում են՝ իբր վանաձորցիներ եւ գյումրեցիներ են եղել դանակահարողները, արդեն ձերբակալված մարդ կա»,- ավելացրեց տիկին Էլիզան:

Նրա պատմելով՝ Համբարձումն ուներ 3 անչափահաս երեխա՝ երկու աղջիկ եւ մեկ տղա, փոքրն ընդամենը 5 տարեկան է: Այս պահին ընտանիքի բոլոր անդամները Հայաստանում են, սակայն հուղարկավորությունից հետո մայրն ու քույրը վերադառնալու են Թուրքիա, քանի որ Երեւանում ապրելու տեղ չունեն:

Նշենք, որ Համբարձում Հարությունյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 20-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը, հղում անելով թուրքական Medya73 կայքին, հայտնել էր, որ  Ստամբուլում անօրինական ապրող Հայաստանի քաղաքացի Համբարձում Հարությունյանը որդու՝ 11-ամյա Գառնիկ Հարությունյանի եւ մի քանի այլ անձանց հետ Քումափը թաղամասին կից ծովափում վիճաբանել են: Վիճաբանությունը թեժացել է, որի ընթացքում դանակահարվել են հայր ու որդի Հարությունյանները: 36-ամյա Համբարձում Հարությունյանի կյանքը չի հաջողվել փրկել: Նրա որդին եւ եւս մեկ այլ հայ՝ Մարտին անունով, տեղափոխվել են հիվանդանոց: Մարտինը հայտնել է, թե երեք հոգի իրենց դանակահարել եւ հեռացել են: