Գյումրիի մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին եւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին, որում մասնավորապես ասվում է, որ Գյումրիում քաղաքաշինական բիզնեսը «վաղուց արդեն չի ենթարկվում պատշաճ վերահսկողության համապատասխան կառույցների կողմից, եւ քաղաքի պատմական կենտրոնում վերականգնումն ու կառուցապատումը վերածվել է պաշտոնյաների անձնական հայեցողությամբ տարածքներ վաճառելու եւ երկարաժամկետ վարձակալությամբ տրամադրելու մոլուցքի»:

«Գյումրու քաղաքային իշխանությունները պարզապես արհամարհում են քաղաքի գլխավոր հատակագիծ եւ գոտիավորման նախագիծ կոչված փաստաթղթերը ու Գյումրու հասարակական կարծիքը: Մանավանդ, սա տեղի է ունենում այն դեպքում, երբ ըստ ՀՀ Կառավարության որոշման, Գյումրի քաղաքի պատմական միջուկը հայտարարված է որպես «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց եւ պետության կողմից, իբր, ենթակա է հատուկ պահպանության:

Վերը նշված քաղաքականության հերթական զոհը Գյումրու Արագած փողոցն է: Երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ, կանաչ տարածքում փորվել է մի մեծ փոս, որը իբրեւ թե արվել է ժամանակավոր շինություն կառուցելու համար: Այնինչ իրականում 300 քմ մակերեսով տվյալ տարածքը, երկարաժամկետ (99 տարով) վարձակալության է տրվել Գյումրու քաղաքացիներից մեկին` կառուցապատման թույլտվությամբ, այն դեպքում, երբ ըստ Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի, տվյալ հողամասը հանդիսանում է հասարակական օգտագործման կանաչ տարածք, եւ այդտեղ արգելված է կապիտալ շինարարությունը:

Ըստ Գյումրի քաղաքի պատմական կենտրոնի գոտիավորման նախագծի` հասարակական օգտագործման կանաչ գոտիներում թույլատրվում է տեղադրել մանրածախ առեւտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ, բայց ոչ կապիտալ շինություններ: Իսկ կրպակներ ու տաղավարներ կարելի է տեղադրել միայն այն դեպքում, երբ պահպանված են կառուցապատման չափորոշիչները, մասնավորաբար, երբ հողամասի նվազագույն կանաչ ծածկույթը կազմում է 70 տոկոս, ինչն այս դեպքում չի պահպանվել:

Այսպիսով, մենք` ներքոստորագրյալներս, գտնում ենք, որ Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինը Արագած փողոցի նշված հատվածը վարձակալության տալու համար մրցույթի է դրել եւ հատկացրել է կառուցապատման` մասնավոր շահը վեր դասելով հանրային շահից:

Գյումրիում օդում փոշու քանակությունը մնում է ամենաբարձրերից մեկը Հայաստանում (ՍԹԿ-ն գերազանցում է միջինը 2 - 2,5 անգամ, վերջին 5 տարվա ընթացքում, ըստ ՀՀ ԲՆ «Հայէկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի տվյալների), հասարակական օգտագործման կանաչ տարածքները` քաղաքի ընդհանուր մակերեսի համեմատ` ամենափոքրերից մեկն են Հայաստանում (2009թ. տվյալներով կազմում է ընդամենը 131,8 հա, մեկ շնչին ընկնող մակերեսը կազմում է 9 քմ, բայց ըստ «ՀՀ բնակավայրերի կանաչ գոտիների չափերին ու կազմությանը ներկայացվող պահանջների» պետք է կազմի առնվազն 16-21 քմ, (Ա. Խաչատրյանի թեկնածուական ատենախոսություն):

Պարոնայք, դիմում ենք ձեզ, պահանջելով` միջամտել ու ստիպել դադարեցնել Գյումրու Արագած փողոցում իրականացվող շինարարությունը, պարտադրել տեղական իշխանություններին՝ Արագած փողոցում վերականգնել հիշյալ փոսը փորելուց առաջ եղած վիճակը, հրատապ կանաչապատել այն եւ հետագայում  կանխել Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծով ու գոտիավորման նախագծով սահմանված չափորոշիչների խախտումները Գյումրու ՏԻՄ-ի կողմից, թույլ չտալ, որ աղավաղվի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի տարածքում գտնվող այս փողոցի` վերոհիշյալ փաստաթղթերով նախատեսված քաղաքաշինական տեսքը:

Հայտարարությունը բաց է ստորագրման համար մինչեւ 2010 թվի հունիսի 10-ը»: