«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, հունիսի 14-ին «Տրոյկա Դիալոգ» ընկերության կազմակերպած փարթիից հետո հասարակության լայն շերտերում առաջացած դժգոհությունների առիթով, վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություն է անցկացվել։ Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ որոշվել  է խիստ նկատողություն հայտնել Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանին։ Իսկ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Վարդան Գրիգորյանն ազատվել է աշխատանքից։ Այս պաշտոնյան փարթիի կազմակերպման վերաբերյալ հարցին ԶԼՄ-ներին պատասխանել էր, որ միջոցառումն անցկացնելու դիմաց արգելոց-թանգարանի կենտրոնական 4 սանհանգույցներն են վերանորոգել։ Սա նշանակում է, որ մշակույթի նախարարության գերնպատակը զուգարան սարքելն է՝ թեկուզ սրբապղծության գնով։ Հիշո՞ւմ եք՝ մի ժամանակ էլ նախկին վարչապետն էր գերթանկարժեք բիոզուգարաններով զարգացնում զբոսաշրջությունը Հայաստանում։ Սակայն Հայաստանում զարգացման տեմպերը դանդաղում են, քանի որ վարչապետը եւ իշխանության վերին օղակները փոխանակ «ձուկը գլխից» բռնեն, պոչին են դիպչում միայն։

Ի՞նչ է ստացվում, գործարար Ռուբեն Հայրապետյանը զանգահարել է Հասմիկ Պողոսյանին, արգելոց-թանգարանը վարձակելու «քեֆ անելու» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել, սակայն քեֆից հետո աշխատանքից ազատվել է ՊՈԱԿ-ի մի մասնաճյուղի տնօրեն։ Մինչդեռ մշակութային գործիչների բնորոշմամբ՝ «մշակույթի պատուհաս» Հասմիկ Պողոսյանին ազատելու փոխարեն, մասնաճյուղի մի խեղճ ու կրակ տնօրեն ազատվեց»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում