Հրանտ Դինքի դատապաշտպաններից 40-ամյա Հաքան Քարադաղին մահացած են գտել Ստամբուլում գտնվող իր տանը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ փաստաբանի ընկերուհին նշել է, որ ինքը մեկ օր առաջ հեռախոսով վիճաբանել էր Քարադաղի հետ։ «Հեռախոսը անջատելուց հետո ինձ մի հաղորդագրություն ուղարկեց. «Մորս պատասխան ես տալու»։ Գիշերը 2։30-ի սահմաններում գնացի նրա տուն եւ գտա գազի խողովակից կախված վիճակում»,- նշել է Քարադաղի ընկերուհին։
Նշենք, որ Դինքի սպանության գործով 12-րդ դատալսման ժամանակ Հաքան Քարադաղը վիճաբանության մեջ է մտել Հրանտ Դինքին սպանող Օգյուն Սամաստի հետ։ Քարադաղը դատարանի նախագահին հայտնել է, որ Սամաստը իրեն սպառնացել է, թղթի վրա ինչ-որ բան գրել եւ դրել գրպանը։ Այնուհետ Սամաստը գրպանը դրած թուղթը տվել է դատարանի նախագահին, ով թղթի մեջ կարդացել է Դինքի փաստաբան Քարադաղի անունը։

























