Հորդանան գետի Արեւմտյան ափին արդեն մեկ շաբաթ անհետացած հրեական կրոնական դպրոցի աշակերտներին փնտրող իսրայելական զինվորականների հետ բախման հետեւանքով պաղեստինցի դեռահաս է զոհվել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով «Պաղեստինի ձայն» ռադիոկայանին:
Իսրայելի Պաշտպանական բանակի մամուլի ծառայության տեղեկացմամբ, գիշերը եւս 25 կասկածյալի են ձերբակալել, խուզարկել են 200 տուն եւ հաստատություն: Զինվորականները խոստովանել են որոշ դեպքերում տեղացիների նկատմամբ զենք կիրառելու դեպքերի մասին: Նրանց տեղեկություններով, վերջինները քարերով եւ ինքնաշեն պայթուցիկներով հարձակվել են խուզարկություն իրականացնողների վրա:
AP գործակալության փոխանցմամբ, կրծքին փամփուշտ ստացած դեռահասը 15 տարեկան է, իսկ երեք պաղեստինցիներ ադ-Դուրայում «լուրջ վնասվածքներով» հոսպիտալացվել են:
«Պաղեստինի ձայն»-ը տեղեկացնում է նաեւ Ռամալա եւ Բեթղեհեմ քաղաքների մերձակայքում տեղակայված փախստականների Կալանդիա եւ Դուխեյշա ճամբարներում բախումների հետեւանքով վիրավորված եւս 6 հոգու մասին:
Բախումների ժամանակ թեթեւ վիրավորում է ստացել նաեւ իսրայելցի մի զինվոր:
Իսրայելական զինծառայողների տվյալներով, յոթօրյա գործողության ընթացքում Հորդանան գետի Արեւմտյան ափին ավելի քան 1.150 տուն են խուզարկել եւ 330 պաղեստինցու ձերբակալել:





























