«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» 1991 թվականին ընդունված օրենքն  իր ընդհանուր հայեցակարգով չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանը եւ Հայսատանի ստանձնած միջազգային պարտավորություններին, որի արդյունքում հավասար պայմաններ ստեղծված չեն բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության համար։ Այս եզրակացությանն  է հանգել Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Կրոնական ազատությունը Հայաստանում» թեմայով  ուսումնասիրության արդյունքում։

Ուսումնասիրությունը Կոմիտեն սկսել է  2009 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսներին եւ  դրա արդյունքներն ամփոփվել են զեկույցում, որը գրքի տեսքով հունիսի 4-ին ներկայացվեց հանրությանը։ Ուսումնասիրության նպատակը եղել է պարզել Հայաստանում կրոնի ազատությունը, ինչպես նաեւ, թե որքանո՞վ են հանդուրժող Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների նկատմամբ ԶԼՄ-ներն ու հասարակությունը, ինչպես նաեւ՝ կրոնական կազմակերպությունների կարծիքը Հայաստանում կրոնական հանդուրժողականության եւ ազատության մասին։ Վերլուծության են ենթարկվել ՀՀ համապատասխան օրենսդրությունը, ՀՀ սահմանադրությունը, Հայաստանի ստանձնած  միջազգային պարտավորությունները։ Ուսումնասիրությունը ներառում է նաեւ սոցիոլոգիական հարցումներ ու 2001-2009 թթ. մամուլի վերլուծությունը։

Ըստ ուսումնասիրության տվյալների՝ մամուլում ամենաշատ հրապարակումները եղել են  2004 թվականին՝ 265 հոդված, որը կապված է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գրանցման հետ, իսկ ամենաքիչ հրապարակումներ հանդիպել են 2008 թ.՝ 86 հոդված։ Հրապարակումների 67 տոկոսը վերաբերել է ոչ առաքելական կրոնական կազմակերպություններին, իսկ 33 տոկոսը՝ Հայ առաքելական եկեղեցուն։ Ուսումնասիրության տվյալները ցույց են տալիս, որ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ «դրական» կամ «չեզոք» են եղել հրապարակումների 31,1 տոկոսը, իսկ «բացասական»՝ 2,3 տոկոսը։ Ոչ առաքելական կազմակերպությունների նկատմամբ  «չեզոք» հրապարակումների ճնշող մասը՝ 29 տոկոսը, ուղղակի չեզոք լրատվություն է, իսկ 2 տոկոսը՝այն հրապարակումներ են, որոնք հիմք ընդունելով խղճի ազատությունը, ներկայացնում են կրոնական կազմակերպություների հետեւորդների իրավունքների խախտումները։

Տպագիր մամուլից, ըստ զեկույցի տվյալների, համեմատաբար չեզոք ու անկողմնակալ լուսաբանումներով առանձնանում է «Առավոտ» օրաթերթը։ Կրոնական կազմակերպությունների ու խղճի ազատության դեմ ամենասուր հոդվածներ հրապարակել է «Հայոց աշխարհ» օրաթերթը, երկրորդ տեղում է «Ազգ»-ը։ Չեզոք լուսաբանումներով ամենաշատը հանդես է եկել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։ Ինտերնետային պարբերականները եւս հանդես են եկել չեզոք լուսաբանումներով, 57 հոդվածից 35-ը կամ 61 տոկոսը չեզոք են։

Ուշագրավ են նաեւ ողջ հանրապետությունում անցկացված սոցիոլոգիական հարցումների տվյալները. դրանցում ներառված չեն Արմավիրի մարզի եւ Երեւանի երկու համայնքների տվյալները, քանի որ դրանք համարվել են խոտան։

Հարցին՝ ո՞ր եկեղեցուն, կրոնական խմբին եք պատկանում կամ առավել մոտ զգում՝ 805 հարցվածների 73,8 տոկոսը՝ մեծամասնությունը, իրեն համարում է Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, իսկ յուրաքանչյուր տասներորդը նշում է, որ չի պատկանում որեւէ կրոնական ուղղության։ Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների Եկեղեցու կամ հոգեգալստականների  հետեւորդ է 4,4 տոկոսը, Հայ Ավետարանական Եկեղեցու հետեւորդ է 2,4 տոկոսը, Ազգային փոքրամասնության կրոն դավանողների թիվը 1,7 տոկոս է, Հայ Կաթոլիկ Եկեղեցու դավանորդները՝ 0,9 տոկոս են կազմում։  Իրեն պարզապես քրիստոնյա է համարել հարցվածների 1,4 տոկոսը։ Իսկ «Եհովայի վկա» կրոնական խմբի հետեւորդների թիվը  ընդամենը 2 տոկոս է։  Հարցվածների մեջ եղել են նաեւ աթեիստներ, բուդդայականներ, մորմոններ, հեթանոսներ ու իրենց կրոնով «հայ» համարող մարդիկ։ Նրանք 0,5-ից ցածր տոկոս են կազմում հարցվածների մեջ։