Հունիսի 19-ին Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի եղբայրը՝ Միրչա Բասեսկուն դատախազության որոշմամբ մեկ օրով ձերբակալվել է:
Բասեսկուն կասկածվում է մաֆիայից 250 հազար եվրո ստանալու մեջ, որպեսզի նախագահի օգնությամբ ճնշում գործադրվի երկրի դատական մարմինների նկատմամբ հանցավոր խմբերից մեկի ներկայացուցչի օգտին: Հունիսի 20-ին դատարանը որոշում կընդունի Միրչի Բասեսկուի հնարավոր կալանավորման մասին:
Տրայան Բասեսկուն հեռուստատեսությամբ տված հայտարարության մեջ նշել է, որ չի տրվի «իր եղբորը պաշտպանելու բնական ռեֆլեքսին», եւ դրա փոխարեն այսուհետ եւս հանդես կգա «արդարադատության մարմինների համախմբման» օգտին: Նախագահի խոսքով՝ նա գիտեր, որ մաֆիոզները շանտաժի են ենթարկել եղբորը: Սակայն, ինչպես նշել է Բասեսկուն, նա երբեք իր եղբոր հետ չի խոսել դատական մարմինների վրա ճնշում գործադրելու մասին, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Տրայան Բասեսկուն համարվում է Ռումինիայում կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր կողմնակիցներից մեկը, եւ այդ հարցում նախագահի հաջողությունները ճանաչվել են նաեւ ԵՄ-ի կողմից:





























