Իրանը կարող է կառուցողական դեր խաղալ իրաքյան ճգնաժամի լուծման հարցում, եթե Թեհրանը հետեւի Վաշինգտոնի օրինակին՝ հանդես գալով իրաքյան ամբողջ հասարակության հետաքրքրություններին համապատասխան գործող Իրաքի ներառական կառավարության օգտին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Նախագահը, միաժամանակ, նշել է, որ Իրանը կարող է վատթարացնել իրադրությունը, եթե իրադարձություններին մասնակցի միայն որպես ռազմական ուժ, որն աջակցում է Իրաքի կառավարությունում ընդգրկված շիա առաջնորդներին: «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններում հասկացրել է, որ անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք խրախուսում են կրոնական հողի վրա պառակտումը, քանի որ նման իրավիճակը կարող է քաղաքացիական պատերազմի նախաբան դառնալ:

Նախագահի խոսքով, ԱՄՆ-ն եւ Իրանը լուրջ տարաձայնություններ ունեն մի շարք հարցերի շուրջ, ներառյալ՝ Սիրիայի, քանի որ Իրանը «հապճեպ եւ կոշտ աջակցություն է ցուցաբերել երկրներից մեկին»:

Բարաք Օբաման ընդգծել է, որ տարածաշրջանում իրադրության զարգացման Թեհրանի տեսակետը հիմնվում  է «բացառապես ներքին կրոնական ուղղությունների վրա (Իրաքի)», եւ իրանցիները կարող են հայտնվել մի իրավիճակում, երբ ստիպված կլինեն պատերազմել միանգամից մի քանի ճակատով՝ ի վնաս իրանցի ժողովրդի տնտեսական դրության: