Վերջին տարիներին Բաքուն ակտիվորեն շրջանառում է ՄԱԿ-ի բանաձեւերը չիրագործելու թեման: Սակայն սա շատ սայթաքուն թեմա է հենց Բաքվի համար:  Այս մասին Երեւանում կայացած Մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը:

«Իսկ ո՞վ է դրել այդ բանաձեւերը չիրագործելու հիմքը: Այն կողմը, ով հարցի ուժային լուծման հույս ուներ», - հիշեցրել է Վլադիմիր Կազիմիրովը:

Ըստ նրա՝ ՄԱԿ-ի առաջին բանաձեւն ընդունվել էր Քելբաջարի անկումից հետո՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ: «Դրանից հետո Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան եւ Իտալիան պաշտոնապես հարցրել են բոլոր կողմերին՝ պատրաստ են վերջիններս արդյոք դրանք կատարելուն: Երեւանը եւ Ստեփանակերտը դրական պատասխանեցին: Բաքվից այդպես էլ պատասխան չստացվեց: Եւ այդպես բոլոր 4 բանաձեւերիդեպքում», - հիշեցրել է նախկին համանախագահը, հավելելով, որ այդ պայմաններում անհնար էր հենվել բանաձեւերի վրա եւ ստիպված էին աշխատել այլ հիմունքով, որի արդյունքը դարձավ Բիշքեքի փաստաթուղթը:

«Բաքվում խորամանկորեն շ շրջանառում են ՄԱԿ-ի բանաձեւերը չիրագործելու թեման, որպեսզի մոռանան, թե իրականում ինչ  հիմքով է ձեռք բերվել հրադադարը: Սակայն 20 տարի անց էլ հուսալի ամրագրված հրադադար չկա: Իսկ առանց դրա անհնար է հետագա լուծումը», - նշել է Վլադիմիր Կազիմիրովը: Ըստ նրա՝ սա առաջին դեպքը չէ, երբ որդին մեծարում է հորը՝ գործելով նրա պատգամներին հակառակ: «Փաստաթղթերից մեկում Հեյդար Ալիեւը հստակ ձեւակերպում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ միջոցներով», - ընդգծել է Վլադիմիր Կազիմիրովը: