Կուտակային կենսաթոշակների համակարգում կամավոր վճարման համակարգն, ըստ էության, ներդրվում է, բայց ժամանակավոր՝ մինչեւ 2017 թվակնը եւ միայն ոչ պետական հատվածի համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի եւ կից ներկայացված օրենքների փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց օրինագիծը ներկայացող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նրա խոսքով՝ պետական սեկտորի համար նպատակային սոցիալական վճարը պարտադիր է, իսկ ոչ պետական համար այն պարտադիր է դառնալու 2017-ից, մինչ այդ կամավոր է:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի հարցին, թե ինչու փորձ չարվեց ողջ համակարգը դարձնել կամավոր, որի դեպքում ավելի մեծ արդյունքի կարելի էր հասնել, նախարարը պատասխանեց. «Եթե ուզում ենք ունենալ արդյունավետ գործող համակարգ, պետք է լինի կրիտիկական մասնակցություն, որ համակարգն արդյունավետ աշխատի, և ելման կետը սա է եղել, որ ռիսկերը մինիմումի հասցված լինեն»:

Հարցին, թե կարո՞ղ է քաղաքացին աշխատանքը կորցնելու եւ սոված մնալու դեպքում օգտվել իր կուտակած  գումարներից, Արտեմ Ասատրյանը արձագանքեց. «Սա կենսաթոշակային ապահովության համակարգ է, որի համար թիվ մեկ խնդիրը կենսաթոշակային տարիքին հասնելն է»: