Ուկրաինայի ԶՈՒ ստորաբաժանումները մոտեցել են Լուգանսկի Իզվարինո բնակավայրին՝ դրանով փաստացի ավարտելով սահմանները փակելու գործողությունը: Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը, փոխանցում է ЛІГА-ն:
Ուկրաինայի Գլխավոր շտաբում եւս հաստատել են ուկրաինական զորքերի կողմից ռուս-ուկրաինական սահմանը փակելու մասին տեղեկությունը:
«Ես ստացել եմ Գլխավոր շտաբի պաշտոնական զեկույցն այն մասին, որ մեր զորքերն ամբողջությամբ ավարտել են խնդրահարույց տարածաշրջանի շրջափակումը եւ վերականգնել են Ուկրաինայի պետական սահմանը», - հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի ժ/պ Միխայիլ Կովալը խորհրդարանում ելույթ ունենալով:
Ավելի վաղ Ուկրաինայի հակաահաբեկչական գործողության մամուլի քարտուղար Վլադիսլավ Սելեզնյովը հայտնել էր, որ Յամպոլում եւ Զակատնոյեում 300-ից ավելի ռուսամետ ակտիվիստ է զոհվել:





























