Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն եւ նրա հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանը հունիսի 19-ին տուրիզմի ոլորտում համագործակցության, ինչպես նաեւ գաղտնի տեղեկատվության փոխանակման եւ պահպանման համաձայնագիր են ստորագրել:
«Տնտեսության այս ոլորտը զարգացման մեծ հնարավորություն ունի եւ հենց այս հարցերի կարգավորմանն է վերաբերվում այսօր ստորագրված համաձայնագրին: Ինչ վերաբերվում է գաղտնի տեղեկությունների փոխանակմանը, ապա այն բարեկամ պետությունների պարագայում սովորական համաձայնագիր է»,- հայտարարել է Փանջիկիջձեն:
Նրա խոսքով, անցյալ տարի Վրաստան 1.3 մլն հայ զբոսաշրջիկ է այցելել, եւ զբոսաշրջության ոլորտը զարգացման մեծ հեռանկարներ ունի:
Բացի այդ, հայկական եւ վրացական կողմերը պայմանավորվել են Երեւանից Բաթումի ուղիղ ավիաչվերթներ իրականացնելու մասին: Այս մասին համագործակցության շուրջ փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին:
Միաժամանակ, Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն կարծում է, որ պետք է վերականգնվեն նաեւ Թբիլիսիի եւ Երեւանի միջեւ ուղիղ չվերթները:
«Նախկինում Թբիլիսիի ու Երեւանի միջեւ ուղիղ չվերթներ էին իրականացվում, հիմա դրանք չկան: Երկու կողմերն էլ շահագրգռված են դրանց վերականգնմամբ»,- հայտարարել է Փանջիկիձեն:
Ավելի վաղ Թբիլիսիի ու Երեւանի միջեւ չվերթներն իրականացնում էր հայկական «Արմավիա» ավիաընկերությունը:




























