Հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում այսօր` հունիսի 20-ին, մահացու հրազենային գնդակային վիրավորում ստացած Գրիշա Խաչատրյանը տան միակ տղան էր, ուներ երեք քույր, որոնք ամուսնացած են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Սառնակունք համայնքի գյուղապետ Մանուչար Մկրտչյանը:
«Գրիշա Խաչատրյանը մեր գյուղից էր, շատ խելոք, համեստ ու աշխատաասեր երեխա է: Տան միակ տղան է, երեք քույրերն ամուսնացած են, ինքն էլ սովորում էր Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, մեկ տարվա զինծառայող էր»,- ասաց նա:
Գյուղապետի խոսքով` Գրիշայի ծնողներին դեռ դեպքի մասին չեն հայտնել:
Նշենք, որ Գրիշան 20 տարեկան էր, ծառայում էր Արարատի մարզում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին հունիսի 19 եւ 20-ին հակառակորդի գնդակից երկու զինծառայող է մահացել:





























