ԼՂՀ զորամասերից մեկի մարտական հենակետում հունիսի 19-ին հակառակորդի գնդակից մահացու վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանը Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է, հայրն Արցախյան հերոսամարտի մասնակիցներից է եղել:
«Բերդաշեն գյուղից են, հայրը հողագործ է, Արցախյան պատերազմի ջոկատային, առաջիններից է, որ պատերազմ է մեկնել, դասակի հրամանատար է եղել, երկու անգամ վիրավորվել, հիմա էլ ոտքի մեկը չկա: Նարեկի մայրն էլ տնային տնտեսուհի է, հողագործությամբ են էլի զբաղվում, ինչպես որ բոլոր գյուղացիները»,- NEWS.am-ին պատմեցին զոհված զինծառայողի հարազատները:
Նարեկ Պողոսյանը 26 տարեկան էր, տան միակ տղան էր, երկու քույրերը իրենից մեծ էին:
«Պատրաստվում էր ամուսնանալ, նշանված էր, օգոստոսին կամուսնանար»,- ավելացրին հարազատները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 19-ին եւ 20-ին հայ-ադրբեջանական սահմանին երկու զինծառայող է զոհվել: Առաջին դեպքը տեղի էր ունեցել ԼՂՀ-ում, զոհվել էր 26-ամյա պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանը: Մահացու վիրավորում ստացած մյուս զինծառայողը 20-ամյա Գրիշա Խաչատրյանն էր՝ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղից: Ըստ նախնական տեղեկատվության, նա հրազենային վնասվածքն ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետեւանքով:






























