Պատմամշակութային հուշարձանների տարածքում անցկացվող «փարթիների» համար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «լուրջ խոսակցություն է ունեցել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ եւ պահանջել հետագայում բացառել նման երեւույթները»: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետը:

«Ես խոսակցություն եմ ունեցել մշակույթի նախարարի հետ, լուրջ խոսակցություն եւ պահանջել եմ, որ քայլեր ձեռնարկի եւ անպայման մարդիկ կպատժվեն, պատասխանատվության կենթարկվեն: Տեղյակ եմ, որ մասնաճյուղի տնօրեն է ազատվել եւ ՊՈԱԿ-ի ղեկավարն է խիստ նկատողություն ստացել, եւ այդ հարցն իմ ուշադրության կենտրոնում է լինելու: Պետք է այսուհետ բացառել նման պայմանավորվածությունները, խնդիրները, որոնք առաջացնում են մեր քաղաքացիների դժգոհությունը»,- ասաց նա:

Նշենք, որ հունիսի 20-ին մշակույթի նախարարն աշխատանքից ազատել է «Զվարթնոց» թանգարան-արգելոցի մասնաճյուղի տնօրեն Վ.Գրիգորյանին եւ խիստ նկատողություն տվել ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանին:

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարությունը կորպորատիվ միջոցառումներ անցկացնելու համար պատմամշակութային վայրերը վարձով է տրամադրում: Մեկ օրվա արժեքը սկսում է 200 հազար դրամից: Նմանատիպ կորպորատիվ միջոցառումներ արդեն անցկացվել են Զվարթնոցում եւ Գառնիում: Զվարթնոցում հունիսի 14-ին հայ եւ ռուս գործարարները «տկլոր փարթի» էին կազմակերպել, իսկ հունիսի 18-ին էլ կենտրոնական բանկն էր կորպորատիվ միջոցառում կազմակերպել: Ի դեպ, միջոցառումների օրերին հուշարձանները փակ են լինում զբոսաշրջիկների համար: