Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները թմրանյութերի, զարդերի եւ այլ ապրանքների մաքսանենգության դեպքեր են հայտնաբերել հանրապետության տարբեր սահմանային կետերում ու շրջանցիկ ճանապարհներին:
ՊԵԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Իրանից ժամանած ԻԻՀ քաղաքացի Մոհամմադ Հոսսեինին փորձել է ներմուծել մոտ 7 գրամ ափիոն, որը վերջինս թաքցրել էր կոշիկի կրունկի մեջ:
Ափիոն է փորձել ներմուծել նաեւ Թեհրան-Երեւան երթուղով ժամանած ԻԻՀ մեկ այլ քաղաքացի` Աֆշար Հեյդարկոլին, ով մաքսային հսկողության գոտուց դուրս գալուց ընտրել էր մաքսային հսկողության «կանաչ ուղին»: Սակայն մաքսավորները ԻԻՀ քաղաքացու մոտ հայտնաբերել են մոտ 33 գրամ ափիոն, որը նա թաքցրել էր դրամապանակի մեջ:
Հայտնաբերվել են նաեւ մաքսային հսկողությունից թաքցված զարդեր. Գոգավան-Պրիվոլնոե մաքսակետում` Թբիլիսիից ժամանած «Ֆորդ-տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի զննման ընթացքում պարզվել է, որ ուղեւորներ Լյուդմիլա Շահնազարյանը եւ Կարինե Ավետիսյանը փորձել էին առանց հայտարարագրման ներկրել մոտ 27 կգ զարդեր:
Օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրավախախտման դեպք է բացահայտվել նաեւ Բավրայի մաքսակետը շրջանցող ճանապարհի վրա. մաքսավորներն այնտեղ հայտնաբերել են դաշտում թափված մոտ 700 մանկական խանձարուր` շուրջ 1 տոննա ընդհանուր քաշով: Նույն` Սարագյուղ-Բավրա շրջանցիկ ճանապարհին, «ՈւԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի զննման ժամանակ, պարզվել էր, որ նրանում առկա է թուրքական արտադրության 57 արկղ` ավելի քան 8000 հատ շոկոլադե խաղալիք, որոնք ավտոմեքենայի վարորդը ներմուծել էր Վրաստանից` շրջանցելով Բավրայի մաքսակետը:


























