Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում հունիսի 20-ին Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել է Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի հաղթողներին երեք անվանակարգերում. «Լավագույն ֆիլմ», «Լավագույն պատմություն» եւ «Լավագույն կինեմատոգրաֆիա»:

«Լավագույն ֆիլմ» մրցանակին արժանացել են Սոնա եւ Մարինե Քոչարյանները՝ «Ինչպես անցնել Ջիլիզից Ջիլիզ» ֆիլմի համար, «Լավագույն պատմություն» մրցանակը բաժին է հասել Արամ Կիրակոսյանին՝ «Գեղեցիկ մարդիկ» ժապավենի համար, իսկ «Լավագույն կինեմատոգրաֆիա» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ավետիս Ավետիսյանի «Իմ տանից սկսվող Հայրենիքը» ֆիլմը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են հաղթող ֆիլմերը, իսկ հեղինակները որպես մրցանակ HD տեսախցիկներ են ստացել: «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողը նաեւ ֆիլմերի միջազգային փառատոնին մասնակցելու սերտիֆիկատ է ստացել:

Դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ հաղթող ֆիլմերի հեղինակները նաեւ հնարավորություն կունենան մեկնել ԱՄՆ, այնուհետեւ վերադառնալ Հայաստան եւ շարունակել իրենց աշխատանքը: Բացի այդ, նա սերտիֆիկատներ է հանձնել մրցույթի բոլոր 23 մասնակիցներին:

Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը Հայաստանում ԱՄՆ դեսպանության եւ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է: Ամերիկյան վավերագրական մի քանի ֆիլմերի ցուցադրությունների շրջանակներում ծրագիրը հրավիրել է երիտասարդ կինոպրոդյուսերների (17-26 տարեկան) վավերագրական ֆիլմեր պատրաստելու համար, որտեղ կարծարծվեն Հայաստանի ներկա սոցիալական, տնտեսական ու քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր:

Ծրագրի շրջանակներում հունվար-մարտ ամիսներին միջազգային եւ հայրենական փորձագետները դասընթացներ են անցկացվել, որից հետո երիտասարդ հայ վավերագրողներին առաջարկվել է ներկայացնել իրենց ֆիլմերը՝ մրցութային փուլին մասնակցելու համար: