ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին այցելել է հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղ եւ հանդիպել համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, Բակո Սահակյանը նշել է, որ Բերդաշենում, որտեղ առկա են դինամիկ զարգացման համար բոլոր պայմանները, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել կառավարման արդյունավետության բարձրացմանը, մասնավորապես, տեղական եւ շրջանային կառավարման օղակների միջեւ համագործակցության խորացմանը:
Այնուհետեւ նախագահը ծանոթացել է Մարտունու շրջանում կառուցվող հանրապետական եւ շրջանային նշանակություն ունեցող մի շարք մայրուղիների շինարարության ընթացքին: Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել կատարվող աշխատանքների կապակցությամբ, հավելելով, որ անհրաժեշտ է պահպանել աշխատանքների որակն ու տեմպերը:
Այցելության վերջում Նախագահ Սահակյանը ամփոփիչ խորհրդակցություն է հրավիրել Մարտունի շրջկենտրոնում գործող դաշտային շտաբ-ճամբարում՝ հանձնարարականներ տալով համապատասխան կառույցների ղեկավարներին ու պատասխանատուներին:
Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


























