ԱՄՆ Նյու Յորք նահանգի Իթաքա քաղաքում բեռնատարը բախվել է բնակելի շենքի առաջին հարկում գտնվող ռեստորանին: Ոստիկանությունում հայտնել են, որ ուրբաթ օրը տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, չորսը վիրավորվել են, նրանց վիճակը ծանր է:
Թեթեւ մարդատար մեքենաներ տեղափոխող բեռնատարի` ռեստորանին բախվելու պատճառն անհայտ է: Ըստ որոշ տվյալների` վարորդը չի կարողացել շրջադարձ կատարել:
Ըստ ականատեսների`բեռնատարը կիսով չափ մխրճվել է փողոցի անկյունում գտնվող չորսհարկանի շենքի մեջ եւ մնացել այնտեղ: Ռեստորանի ճակատային մասում ճաքեր են գոյացել, կոտրվել են բազմաթիվ ապակիներ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բեռնատարի վարորդը ձերբակալվել է: Ներկայումս նրան հարցաքննում են:
Թաղամասը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, շրջափակված է: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մի քանի մեքենաներ:





























