Հունիսի 10-ից հետո մայրաքաղաքի 9 կամուրջների վրա կտեղադրվեն ծաղկազամբյուղներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը: Վերջինիս խոսքով, ծաղկազամբյուղների տեղադրման ուշացումը պայմանավորված է նրանով, որ այս տարի փորձ է արվել «թափվող» պետունյաներ բերել  Հոլանդիայից եւ հավանաբար հենց դրանցով էլ կզարդարվեն կամուրջները:

«Անցած տարի մենք ունեինք ընդամենը 100 հազար պետունյա, այս տարի Հոլանդիայից ներկրել ենք 600 հազար, որոնք կբաժանվեն վարչական շրջանների միջեւ: Ծավալուն, աշխատատար պրոցես է, ժամանակ է պահանջում, այդ ծաղիկները պետք է տեղադրենք, փողոցները ծաղկապատենք, այնուհետեւ նոր կանցնենք կամուրջներին»,-ասաց վարչության պետը:

Ծաղկապատված կամուրջների քանակն այս տարի չի ավելանա: Նախորդ տարվա պես ծաղկաամաններ տեղադրվելու են 9 կամուրջների վրա ՝ Հաղթանակի, Կիեւյան, Մյասնիկյան պողոտայի 2 ուղետար կամուրջների, Խանջյան-Հերացի-Չարենց փողոցների եւ Իսակովի պողոտայի 2 կամուրջների վրա:

Նշենք, սակայն, որ «Հաղթանակի» կամուրջն արդեն զարդարված է:

Ավետ Մարտիրոսյանի խոսքով, կամրջի ծաղկազամբյուղներն այս տարի հասցրել են մի քանի անգամ գողանալ:

«4-5 անգամ  գողացել են 3-5 ծաղկաման: Ծաղիկները երկու անգամ փոխել ենք, չի ստացվում, կամաց-կամաց պետք է սովորեցնենք չգողանալ, հետ նոր ավելացնենք ծաղկապատված կամուրջների քանակը»,-ասաց Ավետ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ անցած տարի կամուրջները մայիսի 15-ին արդեն զարդարված էին, ինչը շատերը պայմանավորում էին նրանով, որ մայիսի 31-ին Երեւանում քաղաքապետի ընտրություններ էին նշանակված, որոնցում հաղթանակ տարավ Գագիկ Բեգլարյանը: