Էլեկտրաէներգայի թանկացումից հետո գործարարները հաստատ ստվերից դուրս գալ չեն կարող: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Ընդհանրապես էներգակիրների թանկացումը մի քանի ձեւով է ազդում տնտեսության վրա: Նախ եւ առաջ մենք հիմա գտնվում են երկու բլոկների՝ Եվրամիության եւ Մաքսային միության հետ քննարկումների փուլում, իսկ անընդհատ էներգակիրները թանկացնելով՝ մեր ապրանքը անմրցունակ ենք դարձնում: Պատճառն այն է, որ գործարարը ստիպված է թանկացնել իր արտադրանքը, ինչն էլ բնականաբար այլեւս մրցունակ չի լինի միջազգային շուկայում»,- ասաց նա:

Էներգակիրների թանկացման դեպքում Գագիկ Մակարյանը համոզված է, որ թափանցիկ տնտեսության մասին խոսելն ավելորդ է. «Եթե մենք թանկ էներգակիրներ ունենանք, ապա գործարարները չեն կարող եւ ստվերից դուրս գալ, եւ գնալ թանկացումների: Գաղտնիք չէ, որ մարդիկ ստվերի մեջ են լինում, քանի որ ցանկանում են իրենց եկամուտները բարձրացնել»:

Գործատուների միության նախագահն իշխանություններին հիշեցնում է, որ անընդհատ թանկացումները երկիրը կհասցնեն աղքատության, քանի որ քաղաքացին այսօր ստիպված է իր 12 ամսվա աշխատավարձի 11 ամիսը «նվիրել» միայն թանկացումներին:

«Մի հետաքրքիր բան կա, որի մասին չենք խոսում: Տարիներ առաջ երբ որ գետերը վարարում էին, մենք ավելի շատ էներգիա էինք ստանում ու վաճառում, իսկ վաճառքից ստացված գումարն էլ ուղղվում էր մեծ ՀԷԿ-երի բարեկարգման եւ այլնի վրա: 2007թ.-ից հետո սակայն այդ գումարներն ուղղվել են Հայէլեկտրոցանցին, որն էլ բնականաբար այս տարիների ընթացքում մեծ շահույթ է ստացել, սակայն դրա մասին ոչ մեկը չի խոսում»:

Նշենք, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան պետք է թանկանա  3,85 դրամով՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց  (10-15%):