Օրթոդոքս հրեաները հունիսի 15-ին Երուսաղեմի կենտրոնում՝ Դավիթի աշտարակի մոտ, ծեծի են ենթարկել հայ հոգեւորականներին, որովհետեւ վերջիններս նկատողություն են արել նրանց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը:
«Հրեական մեծ բազմությունը եկել էր Երուսաղեմ տոնակատարության համար, եւ մեր երկու հոգեւորականներն էլ դրսում էին գտնվում՝ բազմության մեջ: Այդ ժամանակ երկու հրեաներ թքել են եւ Կարապետ սարկավագ Հայրապետյանը նկատողություն է արել, այդ պատճառով էլ նրան խփել են, իսկ հետո էլ արդեն Հայր Շնորհքին: Փառք Աստծո, մարմնական վնասվածքներ չկան»,- ասաց նա:
Արքեպիսկոպոսի խոսքով՝ նման դեպքերը Երուսաղեմում հաճախ են լինում, սակայն ոստիկանությունը երբեք ոչ մեկին չի ձերբակալում:
«Ոստիկանությունը իմացավ, բայց ոչ մեկին էլ չի ձերբակալել: Նման դեպքեր շատ են լինում: Հրեաները ոչ թե հայերի նկատմամբ են այդպես վարվում, այլ մեր կրոնի»,- ավելացրեց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 15-ին. Երուսաղեմի կենտրոնում Դավիթի աշտարակի մոտ, ոստիկանական բաժանմունքի հարեւանությամբ մի խումբ օրթոդոքս հրեաներ ծեծի են ենթարկել երկու հայ հոգեւորականի՝ Դիակոն Կարապետ Հայրապետյանին ու Հայր Շնորհքին:





























