Ադրբեջանցի իրավապաշտպան Էմիլ Գասիմովն հունիսի 23-ից անժամկետ հացադուլ է հայտարարել՝ այդ կերպ իր բողոքն արտահայտելով Բաքվի իշխանությունների դեմ:
NEWS.am-ի խմբագրություն զանգահարած ադրբեջանցի իրավապաշտպանը պատմեց, որ Բաքվի կենտրոնում գտնվող իր առանձնատունը վթարային է, սակայն իշխանությունները հրաժարվում են իրեն այլ բնակարան հատկացնել:
«Ես դիմեցի, որպեսզի Բաքվի կենտրոնում գտնվող տունս վթարային ճանաչեն: Հույս ունեի, որ հանձնաժողով կստեղծեն, որը կտեսնի, թե ինչ պայմաններում է տունը եւ ինձ նոր բնակարան կտան, սակայն նրանք ոչինչ չարեցին: Այդ պատճառով այսօրվանից հացադուլ եմ սկսել»,- ասաց նա:
Էմիլ Գասպիմովի խոսքով՝ տունն անմխիթար վիճակում է, ապրելու պայմաններ չկան, սակայն Ադրբեջանի իշխանություններին դա ընդհանրապես չի հետաքրքրում:
«Տունը գտնվում է Բաքվի կենտրոնում, եւ նման շինությունը մայրաքաղաքի կենտրոնում մեծ ամոթ է նրանց համար: Դիմել եմ բոլոր տեղական եւ միջազգային լրատվամիջոցներին, որպեսզի լուսաբանեն խնդիրը»:
Իրավապաշտպանն իր հացադուլը կդադարեցնի այն ժամանակ, երբ որ Ադրբեջանն իրեն այլ վայրում բնակարան կհատկացնի:





























