Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ երկրի նախագահն էր, իսկ այսօր քաղաքացի: Հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահի դիրքորոշման փոփոխությունը NEWS.am-ի հետ զրույցում այսպես բնութագրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության ժամանակ դեմ էր հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին, ինքներդ էլ դա նշեցիք: Իսկ մենք կատեգորիկ դեմ չենք արտահայտվում, ասում ենք, որ սահմանադրական փոփոխությունների եւ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու քննարկման ժամանակ կվերադառնանք այդ խնդրին: Մենք ասում ենք, որ դա քննարկման առարկա կդառնա: Ինչ վերաբերվում է Քոչարյանի դիրքորոշման փոփոխությանը, ապա այն ժամանակ ինքը նախագահ էր, իսկ այսօր քաղաքացի»,- ասաց նա:

Նշենք, որ yerkir.am-ին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասել էր. «Եթե նպատակը աջակցությունն է քաղաքական կուսակցությունների կայացմանը, ապա 100 տոկոսանոց համամասնական համակարգը, անկասկած, նպաստավոր է: Այդ որոշումը վաղուց է հասունացել, եւ ես սատարում եմ դրան»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եւս ընդդիմությունն այդ պահանջը բարձրացրել է, սակայն իշխանությունները մշտապես դեմ են եղել 100 տոկոս համամասնական ընտրակարգին: