«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը բարձրաձայնում է, որ Երեւանի քաղաքապետարանը, ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի նամակի, որոշակի պարզաբանումներ է ներկայացրել Ուսանողական այգում կատարվող շինարարության մասին, սակայն դրանք թերի են:

«2010 թ. մայիսի 21-ով թվագրված պատասխան նամակով Երեւանի գլխավոր ճարտարապետ պարոն Դանիելյանը Մարդու իրավունքների պաշտպանին տվել է միայն պարզաբանումներ: Պաշտպանի գրասենյակից մեզ հայտնել են, որ նամակին կից չի ներկայացվել որեւէ փաստաթուղթ, այնինչ պարոն Հարությունյանը պահանջել էր ներկայացնել, մասնավորապես, ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունը, նախագիծը, համապատասխան կազմակերպության փորձաքննության եզրակացությունը կամ երաշխավորագիրը, ինչպես նաեւ հողատարածքների տրամադրման վերաբերյալ Երեւանի քաղաքապետի որոշումների եւ պայմանագրերի պատճենները: Փաստաթղթերն ուղարկելու փոխարեն Քաղաքապետարանն իր պատասխանում նշել է միայն դրանցից մի քանիսի հաշվառման համարները, ինչը, որեւէ տրամաբանությամբ, չի կարող փոխարինել փաստաթղթերի օրինակներին:

Միակ տրամաբանական եզրակացությունն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը կամ չունի այդ փաստաթղթերը, այսինքն՝ շինարարությունն ապօրինի է, կամ իրեն վեր է դասում ՀՀ օրենքներից եւ որդեգրում հակաօրինական աշխատաոճ՝ չհարգելով փաստաթղթերը ներկայացնելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքի պահանջները: Հիշեցնում ենք Երեւանի քաղաքապետարանին, որ, ըստ նույն օրենքի 18-րդ հոդվածի, սահմանված ժամկետներում փաստաթղթեր չներկայացնելն առաջացնում է պատասխանատվություն՝ դատավորի կամ դատարանի հանդեպ համանման խախտումների համար նախատեսված կարգով եւ չափով։

Տեղյակ ենք, որ պարոն Հարությունյանը պատրաստվում է եւս մեկ անգամ նամակով դիմել Երեւանի քաղաքապետարանին: Մենք, անընդունելի համարելով Քաղաքապետարանի նման հակաօրինական գործելաոճը, պահանջում ենք պարոն Բեգլարյանից՝ հարգել ՀՀ օրենսդրությունը եւ ապահովել գործընթացի թափանցիկությունը:

Հիշեցնում ենք, որ մենք շարունակելու ենք օգտագործել բոլոր իրավական միջոցները՝ Ուսանողական այգում իրականացվող շինարարությունը դադարեցնելու համար: Կրկնում ենք, որ Երեւանի այգիները պատկանում են դրա բնակիչներին, եւ որեւէ հիմնական շինություն դրանցում չպետք է լինի»,- ասված է նախաձեռնության հայտարարության մեջ: