ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հունիսի 5-ին Վեհաժողովի բոլոր անդամներին է ուղարկել ապրիլի 28-ին շրջանառության մեջ դրված «Հայաստանի վճռականությունը` մոնոէթնիկ պետություն դառնալու եւ ընդդեմ ազգային փոքրամասնությունների քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ» վերնագրով` 12227 բանաձեւի նախագծի հետ կապված պարզաբանում-պատասխան, ինչպես նաեւ լրացուցիչ նյութեր Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների վերաբերյալ:

«Ես ուզում եմ շեշտել այն, որ ինչպես պատմական փաստերն են հաստատում, հայերը եղել են ոչ միայն ցեղասպանության կոլեկտիվ զոհ, այլեւ ադրբեջանցիների կողմից գրեթե միշտ ենթարկվել են խտրականության եւ հետապնդման: Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են վարել դեստրուկտիվ քաղաքականություն եւ ոչնչացնում են հայկական անհամար մշակութային հուշարձաններ ու Ադրբեջանում հայկական ժառանգության այլ վկայություններ: Հայաստանը, իր կողմից` ազգային փոքրամասնությունների հանդեպ երբեք չի իրականացրել խտրականության կամ վատ վերաբերմունքի քաղաքականություն»,-ասված է նամակում։  

Հիշեցնեք, որ 12227 բանաձեւի նախագծում, որի հեղինակն է Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը, առկա են պնդումներ, թե Հայաստանում իբր` ամենամեծ ազգային փոքրամասնություն հանդիսացող 42 հազարանոց քրդական համայնքը լուրջ վտանգի առջեւ է կանգնած, հայերը Երեւանում 4 քրդի են գլխատել, այդ սպանությունները քաղաքական դրդապատճառներ ունեն` որպես քրդերի դեմ հետապնդման եւ մեկուսացման քաղաքականության մի մաս եւ այլն: Նամակում ասված է, որ բացահայտ ապատեղեկատվություն պարունակող այդ բանաձեւի նախագծին իրենց ստորագրություններով, բացի Ադրբեջանի երկու պատվիրակից, միացել են նաեւ ԵԽԽՎ 18 պատվիրակ, մասնավորապես՝ Գերմանիայից, Սլովակիայից, Դանիայից, Իսպանիայից, Խորվաթիայից, Իտալիայից, Կիպրոսից, Ավստրիայից։