Իսրայելի ԱԳ  նախարար Ավիգդոր Լիբերմանը, ի պատասխան Էրդողանի արած վերջին հայտարարության, նշել է, որ Թուրքիան Իրանի ճանապարհն է բռնել։

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ իսրայելական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իսրայելին ուղղված վերջին հայտարարությանը՝ նշելով. «Մենք մեր նպատակակետին հասանք, Գազա ուղեւորվող նավերը չհասան տեղ, իսկ մեր զինվորների մեջ էլ զոհեր չեղան»:

Ըստ Լիբերմանի՝  Գազայի հատված ընթացող նավերի ուղեւորների մեջ եղել են «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի հետ կապ ունեցողներ, որոնք խոշոր չափի գումար էին տանում Գազա։  «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է իր երկիրը մահմեդական երկրների մեջ ծանրակշիռ հեղինակություն դարձնել։ Թուրքիան այդ նպատակին Իսրայելի դեմ դուրս գալով է ուզում հասնել։  Մինչ Իրանում Հոմեյնիի հեղափոխությունը, Իրանն էլ Իսրայելի մեծ բարեկամն էր։ Թուրքիան եւս նույն գործընթացի մեջ է»,-նշել է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը։

Հիշեցնենք, որ երեկ Էրդողանը Թուրքիայի Կոնիա քաղաքում, անդրադառնալով Իսրայելի կողմից Գազայի հատված մեկնող նավերի դեմ իրականացրած գործողություններին, թուրքերեն, եբրայերեն եւ անգլերեն լեզուներով հիշեցրել էր 10 պատվիրաններից 6-րդը. «Մի սպանիր»: