Ռուսաստանի պետդումայի նախագահ Բորիս Գռիզլովը հայտարարել է, թե Ռուսաստանը ճանաչում եւ հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Ռուսաստանի դիրքորոշումը անփոփոխ է. Ռուսաստանը ճանաչում եւ հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Պետդուման պաշտոնապես ԼՂ չի ուղարկել ոչ մի պատգամավորի, եւ ղեկավարությունը տեղեկացված չի եղել նրանց այցելության մասին: Նրանք հաստատ գիտեին, որ եթե դիմեին ինձ նման խնդրանքով, ես կմերժեի»,- ասել է Գռիզլովը Մոսկվայում Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի հետ հանդիպման ընթացքում:

Իր հերթին, Ադրբեջանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, եւ նրանց միջեւ որեւէ խնդիր չկա:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Բաքվում Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը նույնպես նշել էր, որ «Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղ անունով ոչ մի պետական կազմավորում չի ճանաչում եւ հետագայում եւս չի պատրաստվում ճանաչել, իսկ ռուս պատգամավորների այցելությունը Ղարաբաղ ինքնագործունեության արդյունք է եւ անօգտակար քայլ»:

Նշենք, որ ավելի վաղ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով Երեւանում գտնվելու ժամանակ Գռիզլովը հայտարարել էր, որ վաղուց է հետեւում ԼՂ-ում տիրող իրավիճակին: «Ներկայումս բավական հստակ եւ հասկանալի քայլեր են նկատվում, կա հեռանկար, որ մոտ ժամանակներս անհրաժեշտ որոշումներ կընդունվեն ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ: Այդ քայլերը վերաբերում են ԼՂ կարգավիճակին եւ այն տարածքներին, որոնք Ղարաբաղի շուրջ են»: