Օրերս, ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու եւ չորսամյա ընդմիջումից հետո այդ երկրում դեսպան նշանակելու որոշում է կայացրել, հաղորդում է Reuters-ը։

ԱՄՆ պետդեպարտամենտը նախագահի որոշման մասին տեղեկացրել է ԱՄՆ-ում Սիրիայի դեսպան Իմադա Մուստաֆային։ Օբաման եկել է այդ որոշման, հաշվի առնելով վերջին ժամանակներս ամերիկա-սիրիական փոխհարաբերությունների աշխուժացումը։ Դրանից բացի, նախագահը մտադրվել է ուժեղացնել այդ տարածաշրջանում Միացյալ նահանգների ազդեցությունը։

Իմադ Մուստաֆան ողջունել է ԱՄՆ նախագահի քայլը ասելով, թե այդ որոշումը կարող է խթան հանդիսանալ Մերձավոր Արեւելքում շահագրգիռ կողմերի համար։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը 2005թ Լիբանանի այն ժամանակվա վարչապետ Ռաֆիկ Ալ-Հարիրի սպանության առիթով, ի նշան բողոքի, հետ կանչեց Սիրիայում իր դեսպանին։ Սիրիան մինչ օրս կտրականապես մերժում է իր մասնակցությունը այդ սպանությանը։