Այսօր` հունսի 5-ին շրջակա միջավայրի պահպանման միջազգային օրն է, որի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հրազդանի ձորի մաքրման «Երեք կամուրջ» ծրագրի մեկնարկին, որն իրականացվում է վարչապետի նախաձեռնությամբ «Մաքուր Հայրենիք» ազգային ծրագրի շրջանակներում: Ծրագիրը մշակվել էր վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից` ՀՀ ողջ տարածքում մաքրման եւ բնապահպանական աշխատանքներ իրականացնելու նպատակով: «Երեք կամուրջ» ծրագիրն իրականացվում է Հրազդանի ձորի երեք` Հաղթանակի, Կիեւյան եւ Դավիթաշենի կամուրջներին հարող հատվածի մաքրման եւ բարեկարգման նպատակով:  

Տիգրան Սարգսյանն այցելել է մաքրման ենթակա տեղամասեր եւ անձամբ մասնակցել մաքրման եւ բարեկարգման աշխատանքներին: Նա ողջունել է «Միասին» երիտասարդական շարժման նախաձեռնությունը եւ լրագրողների հետ զրույցում ասել. «Մենք պետք է մեր երեխաներին եւ թոռնիկներին սովորեցնենք, որ չի կարելի աղտոտել բնությունը, մեր սիրելի քաղաքը: Դա  հայրենասիրության կարեւորագույն տարր է եւ պետք է դառնա ավանդույթ: «Մաքուր Հայրենիք» հայեցակարգն ունի բավական լուրջ եւ հեռուն գնացող բովանդակություն: Մենք պետք է լինենք հետեւողական, որպեսզի այս նախաձեռնությունը տարածվի բոլոր մարզերում եւ անպայման կմասնակցենք այդ ակցիաներին»:

Անդրադառնալով Հրազդանի կիրճում տնտեսվարողների կողմից տարածքը մաքուր պահպանելու խնդրին` Տիգրան Սարգսյանը կարեւորել է պատժամիջոցների խստացումը սեփական հայրենիքին անհարգալից վերաբերվող քաղաքացիների նկատմամբ:

«Մաքուր Հայրենիք» ծրագիրը համակարգում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, «Միասին» եւ «Մաքուր Երեւան» ՀԿ-ները, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF), ՀՀԿ երիտասարդական թեւը, ինչպես նաեւ մասնագիտական կառույցները եւ Հրազդանի ձորում գործող տնտեսվարողները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է լրացուցիչ աղբարկղերի եւ Հրազդանի ձորի սանիտարական, բուսական ու կենդանական աշխարհի վերաբերյալ ցուցատախտակների տեղադրում: Ծրագրի ավարտից հետո նախատեսվում է հանրային հիմունքներով գործող հանձնախմբի ստեղծում, որը վերահսկողություն կսահմանի տարածքի սանիտարական վիճակի պահպանման նկատմամբ: