Գառնիի դիտարանում նոր սարք է տեղադրվել ՝ ուղղահայաց ստատիկ ճոճանակ, կամ ավելի պարզ՝ թեքաչափ:
Սարքը տեղադրվել է Հայաստանի ԱԻՆ-ի եւ Չեխիայի գիտությունների ակադեմիայի համագործակցության շրջանակներում: Հունիսի 24-ին կլոր սեղանի շուրջ Չեխիայի Երկրակեղեւի կառուցվածքի եւ մեխանիկայի ինստիտուտի սեյսմոլոգիայի բաժնի գիտաշխատողներ, դոկտորներ Պավել Կալենդան ե Լիբոր Նոյմանը ներկայացրել են գերզգայուն սարքը եւ պատասխանել ներկաների հարցադրումներին:
Նշենք, որ նմանատիպ սարք Գառնիում տեղադրվել էր դեռեւս սովետական շրջանում: Այժմ չեխ կոլեգաների օգնությամբ այն փոխարինվել է ժամանակակից սարքով:
Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը ընդգծեց, որ գիտությունը դեռ չի սովորել կանխատեսել երկրաշարժը: Սակայն նոր մեթոդը թույլ կտա այդ ուղղությամբ եւ մի քայլ կատարել: Տվյալ պահին Հայաստանում կան 150 սեյսմիկ սարքեր՝ նոր թեքաչափը ներառյալ: ՍՊԱԾ-ի պետի կարծիքով թեքաչափի տեղադրումը Հայաստանի՝ համընդհանուր եվրոպական ցանց ներգրավվելու լրջագույն քայլ է:
Պավել Կալենդու խոսքով՝ Գառնիում տեղադրված է ամենագերզգայուն թեքաչափերից մեկը: Դրա միջոցով կչափվեն երկրակեղեւի դեֆորմացիաները՝ որպես հնարավոր ուժեղ երկրաշարժի նախապատրաստման անուղղակի նախանշան: «2 տարվա դիտարկումների ընթացքում հնարավոր եղավ կանխատեսել աշխարհի խոշոր երկրաշարժերի 70-80%-ը», - նշել է փորձագետը:
Հարցին՝ ինչ է ցույց տվել թեքաչափը, չեխ փորձագետը նշեց, որ սարքը ընդամենը մի քանի օր առաջ է տեղադրվել: «Որոշակի եզրահանգումներ կատարելու համար ավելի երկար դիտարկում է պահանջվում», նշեց Պավել Կալեդան:





























